2024թ․ մարտի 20-ին  լրացավ հնագետ, արևելագետ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս՝ Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակը։ Մեծ գիտնականը հետաքրքիր ու իրադարձություններով հարուստ կյանք է ունեցել, նախաձեռնել ու իրականացրել մշակութային կարևոր ու մեծամասշտաբ միջոցառումներ, հեղինակել հայագիտական մնայուն աշխատություններ։ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում մեծ շուքով նշվեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծնունդը, չնայած նրան, որ այն հոբելյականան չի համարվում։

Տուն-թանգարանում կազմակերպվեց գիտական կոնֆերանս, որին ներկա էին ՀՀ կարևորագույն գիտահետազոտական  կենտրոնների,  թանգարանի հետ համագործակցող տարբեր  կառույցների  ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Գիտական կոնֆերասնի նպատակը մեծանուն գիտնականի հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր, քննարկելու վերջինիս գիտական գործունեության այն բնագավառները, որոնք հանրության շրջանում քիչ են հայտնի։

Կոնֆերանսի շրջանակներում  ներկայացվեց  ականավոր արևելագետ, գիտնական, Էրմիտաժի տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, հրաշալի անձնավորություն Օրբելու բացառիկ վառ անհատականությունը, նրա բացառիկությունը: Զեկույցները վերաբերում էին Օրբելու ամենալայն գիտական հետաքրքրություններին, որոնք  ներառում էին ուրարտական տարեգրությունները, հայկական ժողովրդական էպոսը և միջնադարյան առակները, հայկական ճարտարապետությունը, Սասանյան թագավորության մշակույթը, համաշխարհային արվեստի գլուխգործոցների փրկությունը և շատ ավելին:  Գիտնական, ով միակն էր, որ միավորում էր զորավարի կամքը, արվեստագետի նուրբ ճաշակը, փայլուն հռետորի շնորհը։

Կոնֆերանսի շրջանակներում զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պգդ, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն,  արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պգդ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Հայկ Հակոբյանը, Օրբելի եղբայրներ տուն-թանգարանի տնօրենի պարտականությունները կատարող Մարիամ Օհանյանը, թանգարանի  հիմնադիր տնօրեն, ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, ՀՀ ՆԳՆ փրակարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փրկարար ծառայության գնդապետ Արմինե Հայրապետյանը,  նույն հաստատության աշխատակից,  Օրբելի եղբայրների տուն-թանգարանի Գիտխորհրդի անդամ  Արտակ Էլմասակյանը, Գիտական խորհրդի անդամ Արմեն Այվազյանը, ով թանգարանին նվիրեց Օրբելի եղբայրների պապիկի՝ Հովսեփ Հովակիմի Օրբելու աստվածաբանության վերաբերյալ աշխատանքներից մեկը, որը եզակի է իր տեսակով՝ տպագրված 1871թ.  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տպարանում։

Միջոցառման  ներկաների թվում էին նաև «Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուանոցի հյուրեր Բաբկեն Սիմոնյանը՝ բանաստեղծ և արձակագիր, Սերբիայի պատվավոր հյուպատոսը Հայաստանում, Ալիսա Հովհաննիսյանը՝ արձակագիր և վիպասան, Ծովինար Բաղդասարյանը՝ Արցախի կանանց միության նախագահ, բանաստեղծուհի, Արփինե Մուրադյանը՝ Ծաղկաձորի մանակական արվեստի դպրոցի տնօրեն, Ծաղկաձորի համայնքապետարանի ներկայացուցիչ, քաղաքապետի տեղակալ Ոսկան Եղիազարյանը և ուրիշներ:

Օրբելի եղբայրների տուն-թանգարան,

Տնօրենի պարտականությունները կատարող Մարիամ Օհանյան։