Բժշկի մասնագիտությունը դասվում է այն մասնագիտությունների շարքին, որը մարդու համար անգնահատելի արժեք է: Այն կոչված է ոչ միայն պահպանելու առողջությունը, այլև հարկ եղած դեպքում փրկելու կյանքը: Այսօր հայոց բանակ զորակոչվող երիտասարդը վստահությամբ է իր պարտքը կատարում հայրենիքի հանդեպ, քանզի նրա առողջության համար հոգ են տանում զինվորական բժիշկները: Մասնագիտություն, որ հոգ է տանում հայրենիքի պաշտպանի առողջության մասին: Հենց այս մասնագիտության տեր մարդկանց մասնագիտական պատրաստվածությունից ու հոգատար վերաբերմունքից է կախված զինծառայողի առողջությունը: 1994 թվականից մեր զինված ուժերի համար բժշկական կադրեր է պատրաստում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Ֆակուլտետն իր առջև դրված խնդիրը պատվով է կատարում։ Շրջանավարտ-սպաները, համալրելով հայոց բանակի շարքերը, պատվով ու բարձր պատասխանատվությամբ հոգում են հայ զինվորի առողջության մասին: Նրանց մեծ մասն այսօր ծառայում է ՀՀ սահմանամերձ գոտու զորամասերում, կենտրոնական կլինիկական զինվորական և կայազորային հոսպիտալներում: Հուլիսի 20-ին տուն-թանգարանն իր հարկի տակ հյուընկալել էր ռազմա-բժշկական ֆակուլտետի շրջանավարտներին, նրանց ծնողներին ու դասախոսական անձնակզմին: Արդեն ավանդական դարձած միջոցառման ժամանակ, որն անց է կացվում ակադեմիկոս Լևոն Օրբելու անվան սրահում, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականներն ու շնորհեց Լևոն Օրբելւ դիմապատկերով հուշամեդալները: Շրջանավարտներին շնորհավորեց նաև տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը, ով տղաներին մաղթեց քաջ առողջություն, խաղաղ ծառայություն, զինվորական բարդ ու դժվարին ուղին անցնելու, բարձրունքներ նվաճելու մեծ կամք ու ձգտում: