Օրբելի եղբայրների տուն-թանգարանում պարբերաբար իրականացվում են դպրոցականների տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված կրթական ծրագրեր: Կրթական ծրագրերի իրականացման միջոցով երեխաների մեջ սեր և հետաքրքրություն է սերմանվում մշակույթի նկատմամբ, հաստատվում և ամրապնդվում է սովորող-թանգարան կապը: Հենց այս կապի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքները ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքների մասին: Իրականացվող ծրագրերը կրում են ինտերակտիվ և ճանաչողական բնույթ:
Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

<<Անանիա Շիրակացու խնդիրներն ու հարցումները>>՝բաց դաս-միջոցառում մաթեմատիկա առարկայից՝ նվիրված Շիրակացու խնդիրներին: 1918թ. ակադեմիկոս Հովսեփ Օրբելին տպագրեց Անանիա Շիրակացու <<Յաղագս հարցման և լուծման>> գիրքը: Շիրակացու 24 խնդիրներն աչքի են ընկնում բովանդակության հետաքրքրությամբ,իսկ տեղեկություները հիմնականում վերցված են անցյալի և Շիրակացու ժամանակաշրջանի պատմական դեպքերից: Միջոցառման ընթացքում իրականցվում է նաև խմբային աշխատանք՝ անդրադարձ կատարելով Շիրակացու խնդիրներին:
Կրթական ծրագիրն իրականացվում է 6-9-րդ դասարանցիների համար:

************************
<< Ճանապարհ դեպի Անի>>՝ բաց դաս-միջոցառում պատմություն առարկայից: Դպրոցականները ծանոթանում են Անի քաղաքի պատմական փուլերին, Բագրատունյանց տիրապետության ժամանակշրջանին, Անի քաղաքի հազար ու մի եկեղեցիներից մի քանիսի ճարտարապետությանը և պատմությանը: Ծանոթանում են 1906-1916թթ. ակադեմիկոս Հովսեփ Օրբելու Անիում կատարած պեղումների ընթացքին: Ներկայացվող նյութն ամբողջությամբ ուղեկցվում է Անիի վերաբերյալ մշակութային արժեքների ցուցադրությամբ: Առավել ակտիվ մասնակիցներին տրվում են թանգարանի կողմից հրատարակված Անիի հուշարձանների պատկերով բացիկներ:
Կրթական ծրագիրն իրականացվում է 7-9-րդ դասարանցիների համար:

************************
<<Հովսեփ Օրբելին և Միջնադարյան Հայաստանի առակները>> Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ: Բաց դաս-միջոցառում՝ գրականություն առարկայից, դասի նպատակն է` սովորողների շրջանում մեծացնելու և խորացնելու հետաքրքրությունը դեպի հայ առակագրությունը, որոնց բովանդակությունը արդիական է նույնիսկ մեր օրերում: Միջոցառման ընթացքում սովորողները կընթերցեն հատվածներ առակներից, կմեկնաբանեն ու կբեմադրեն:
Ցուցադրվում է նաև Ռ.Սահակյանցի <<Աղվեսագիրք>> անիմացիոն ֆիլմը, իսկ առավել ակտիվ մասնակիցներին տրվում են թանգարանի կողմից հրատարակված միջնադարյան առակների շարքից բացիկներ:
Կրթական ծրագիրն իրականացվում է 7-9-րդ դասարանցիների համար:

************************
<<Հովսեփ Օրբելին և Սասունցի Դավիթ դյուցազներգությունը>> բաց դաս-միջոցառում՝ գրականություն առարկայից: Իր բազմադարյան պատմության ընթացքում հայ ժողովուրդը շատ փորձություններ, շատ տառապանքներ է կրել, բայց մնացել է որպես անվեհեր, խաղաղ ու անսասան ժողովուրդ: Դրա վառ վկայությունը հերոսությամբ ու մարդասիրությամբ առլեցուն <<Սասունցի Դավիթ>> էպոսն է, որը պատմում է տասը դար առաջ հայ ժողովրդի ծավալած հերոսական պայքարի մասին: Սովորողները ներկայացնում են էպոսից մի շարք հատվածներ, որից հետո ցուցադրվում է <<Սասունցի Դավիթ>> անիմացիոն ֆիլմը ու էպոսից դրվագներ՝ Ժան Էլոյանի ընթերցմամբ: