«Ես շատ ուրախ եմ, որ իմ որդիները գնում են նյութապես անապահով ճանապարհով՝ հանուն գիտության և այն ազգի, որի զավակներն են, և որը բոլորից շատ կարիք ունի  հարգանք պարտադրելու ուրիշներին՝ մարդկությանը տալով գիտության նշանավոր գործիչներ:

 Աբգար Օրբելի   (Օրբելի եղբայրների հայրը) 

   Հունվարի 21-ին Դիլիջանի Կենտրոնական դպրոցում հյուրընկալվել էին   տուն-թանգարանի հիմնադիրներ Մարինե Բունիաթյանը  և Գերասիմ Մկրտչյանը: Թեպետ  զեկույցի բուն նպատակը Օրբելիների գիտության զարգացման մեջ  ունեցած մեծ ավանդի ներկայացումն էր, սակայն աշակերտների հետ զրույցի ընթացքում ներկայացվեցին նաև այն պատգամները, որոնցով դաստիարակվել էին այս ընտանիքի երեք կարկառուն ներկայացուցիչները: Զրույցի ավարտից հետո հյուրերը Օրբելի եղբայրների գործունեության  վերաբերյալ գրքեր նվիրեցին դպրոցին, որոնք  աշակերտները սկսեցին հետաքրքրությամբ ուսումնասիրել՝ ավելի մանրազնին ծանոթանալու տաղանդավոր եղբայրների գործունեությանը:Հանդիպում-զրույցը ուսանելի էր աշակերտների համար: Միգուցե նրանցից որևէ մեկի համար Օրբելիների ուղենշած ճանապարհը թվա հարազատ ու ոգևորիչ: