Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցչուհի Արմինե Ասատրյանի, ուսուցչական կազմի և ծնողների մասնակցությամբ նոյեմբերի 23-ին տուն-թանգարանում, կրթական ծրագրերի շրաջանակում, տեղի ունեցավ բաց դաս միջոցառում ՝ <<Բացահայտել Լևոն Օրբելուն>>խորագրով 8-րդ դասարանցիների մասնակցությամբ կենսաբանության առարկայից: Բաց դասի առանցքային թեման Լևոն Օրբելին էր, նրա կյանքի անցած ուղին ու գիտական գործունեությունը: Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին , թե ինչպիսի գեղեցիկ, իմաստավորված կյանք ապրեց Օրբելին՝ մեծ գիտնականն ու քաղաքացին: Նա սերունդներին թողեց բազմահարուստ գիտական ժառանգություն՝ հայրենասիրության, մարդասիրության և սկզբունքայնության պայծառ օրինակ լինելով: Օրբելին հասավ փառքի գագաթին, բայց շարունակեց մնալ գիտությանը նվիրված անխոնջ մշակ և ազնվության մարմնացում: Նրա գիտական և գիտակազմակերպչական գործունեության բարձր գնահատականը նորովի խթանեց անձնվեր գիտնականի աշխատանքը:
Միջոցառումը անմասն չէր նաև երաժշտական ելույթներից: Հայտնի է, որ Օրբելիների ընտանիքում շատ էին սիրում երաժշտություն և հաճույքով երգում էին հայկական ու վրացական երգեր, ինչպես նաև Լևոն Օրբելին հիանալի պարում էր, ու գիմնազիայի նվագախմբում նվագում ֆլեյտա :
Միջոցառման մասնակիցները մեծ բավականություն ստացան շնորհալի երախաների կատարումներից:
Այնուհետև բաց դասի մասնակիցները ծանոթացան թանգարանի ցուցադրությանը:Այցի ավարտին ծաղիկներ դրեցին Օրբելի եղբայրների հուշարձանի մոտ՝ հարգելու նրանց հիշատակը:Բաց դասը, հուսանք, նույնպես մի աղյուս կավելացնի գիտելիքի ծարավ աշակերտների հոգիներում: