Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սյուզի Խաչատրյանի ղեկավարությամբ նոյեմբերի 17-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ բաց դաս միջոցառում <<Կոդ Օրբելի>> խորագրով՝ ռուս գրականություն առարկայից, 12-րդ դասարանցիների մասնակցությամբ:
Բաց դասի առանցքային թեման Օրբելի եղբայրներն էին, նրանց անցած ուղին ու գիտական գործունեությունը: Աշակերտները ժամանակագրական հերթականությամբ ներկայացրեցին Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին` գիտական և հասարակական գործունեությունը:Ամբողջ դասի ընթացքում աշակերտները ցուցաբերեցին իրենց ակտիվ մասնակցությունը: Այնուհետև բաց դասի մասնակիցները ծանոթացան թանգարանի ցուցադրության հետ: Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում տվեց Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին: Մասնակիցները անչափ տպավորված էին տաղանդավոր Օրբելիների ապրած կյանքով և նրանց մեծ ավանդով ռուսական ու հայկական իրականության մեջ:
Աշակերտների այսպիսի այցը թանգարան կրում է ուսուցողական բնույթ, նպաստում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների հանդեպ աշակերտների ճանաչողության ընդլայնմանը: Ճանաչողական միջոցառումների իրականացման միջոցով երեխաների մեջ սեր և հետաքրքրություն է սերմանվում մշակույթի նկատմամբ, հաստատվում և ամրապնդվում է սովորող-թանգարան կապը:
Միջոցառումը անմասն չէր երաժշտական ելույթներից, իսկ այցի ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Օրբելի եղբայրների հուշարձանի մոտ՝ հարգելու նրանց հիշատակը: