Նորաբաց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն: Այս մասին կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:Մենք զարգացման երկարատև ծրագրեր ունենք, «Օրբելի» կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն: Մենք պետք է ներկայացված լինենք արտերկրյա հարթակներում և դրանով իսկ ավելի ներկայանալի դարձնենք Հայաստանն աշխարհում»,- նշեց Հովհաննես Մովսիսյանը:
Նա հայտնեց, որ կենտրոնը նախաձեռնելու է նաև միջազգային համաժողովներ, որտեղ քննարկվելու են ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային կարևորության հարցեր:
«Օրբելի» կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց «Օրբելի» կենտրոնի հետ կիսվել այս ոլորտում իր երկար տարիների փորձառությամբ և կապերով: «Այսպիսի կառույցները հաջող և ազդեցիկ են լինում, եթե մի քանի սկզբունք են պահում: Դրանցից մեկը նվիրվածությունն է ժողովրդավարությանը: Երկրորդը և երրորդը մտքի անկախությունն ու ազատությունն են: Անկախ նրանից, թե ով է հիմնադիրը, վերլուծական կենտրոնը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը»,- նշեց նա:
Կառավարության ղեկավարն իր ելույթում նշեց, որ մեզ համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ: Շատ կարևոր է, որպեսզի համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Մենք այս կենտրոնը չենք համարում ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը: Իշխանությունը պետք է առկա խնդիրների շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով պետք է փորձենք հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ, որոնք գոյություն ունեն կամ որոնք նոր կստեղծվեն: