Ս.թ.նոյեմբերի 26-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում` <<Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը>> խորագրով` նվիրված հռչակավոր գիտնականի 140-ամյակին: Միջացառման սկիզբն ազդարարվեց թանգարանի ստեղծման պատմության ներկայացմամբ, քանի որ, հիրավի, տուն-թանգարանի հիմնադրումը հենց իրականացվել է մեծ գիտնականի 100-ամյակի կապակցությամբ, այն տանը, որտեղ ծնվել է Լևոն Օրբելին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Լևոն Օրբելու գիտական գործունեությունը և ամենացայտուն կենսափաստերը: ՀՊՄՀ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության , Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնների դասախոսական անձնակազմը ՀՊՄՀ ԿՔԱ ֆակուլտետի ուսանողների համար բացահայտեց ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լևոն Օրբելու բացառիկ ներդրումները գիտության ու հասարակական գործունեության բնագավառներում:
Միջոցառման մասնակից բժիշկները ներկայացրեցին ֆիզիոլոգիայի նահապետ Լևոն Օրբելուն` որպես 20-րդ դարի խոշորագույն գիտնական, որը իր մտքի հուժկու թռիչքով համարձակ հետազոտություններով, գիտական կուռ եզրահանգումներով կարողացել է բժշկագիտության և ֆիզիոլոգիայի մի շարք բնագավառներում իրականացնել արմատական առաջխաղացում, բացահայտել մարդու օրգանիզմի բնականոն և ախտաբանական գործունեության մինչ այդ չպարզաբանված բազմաթիվ գաղտնիքներ և դրանով իսկ հարստացնել բժշկագիտության և ֆիզիոլոգիայի համաշխարհային գանձարանը: Խոսվեց նաև Լ.Օրբելու անփոխարինելի մարդկային հատկանիշների, անձնական ու հասարակական կյանքում ունեցած վսեմ արժանիքների, Օրբելիների ողջ տոհմանվան եզակի արժեքավորության և բարոյական վեհ նկարագրի մասին: Միջոցառուման ընթացքում ցուցադրվեցին <<Լևոն Օրբելին և հայ ֆիզիոլոգիան>>խորագրով արխիվային լուսանկարներ: