Հուլիսի 24-ին Օրբելի եղբայների տուն-թանգարանի հարկի տակ հյուընկալվել էին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմա-բժշկական ֆակուլտետի շրջանավարտները:Համալսարանի սաների համար Հիպոկրատի երդումն ու բժշկի կոչման շնորհումը պարտադիր արարողակարգ է: Հանդիսության անցկացման վայր էր ընտրվել տուն-թանգարանը, որտեղ էլ` ակադեմիկոս Լևոն Օրբելուն նվիրված սրահում, տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը: Հռչակավոր ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիր ակադեմիոս Լևոն Օրբելին համարվում է 20-րդ դարի լավագույն ֆիզիոլոգներից մեկը,որն իր խորիմաստ ու համարձակ հետազոտություններով, գիտական կուռ եզրահանգումներով և ստեղծած դասական տեսություններով կարողացել է բացահայտել մարդու օրգանիզմի բնականոն ու ախտաբանական գործունեության մինչ այդ չբացահայտված բազմաթիվ գաղտնիքներ և դրանով իսկ հարստացրել բժշկագիտության և ֆիզիոլոգիայի համաշխարհային գանձարանը: Լևոն Օրբելին 1925-1950թթ աշխատել է Ս.Մ. Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: 1943թ. նշանակվել է Ս.Մ.Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, իսկ մեկ տարի անց նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանը, Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Ս.Գալստյանը, ուսանողներ,հյուրեր: Շրջանավարտներին բարի ճանապարհի իր շնորհավորանքները հղեց համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև տուն-թանգարանիտնօրեն Մ.Բունիաթյանը, ով հորդորեց շրջանավարտներին բացի կայացած, որակյալ մասնագետ դառնալուց, լինել պատվախնդիր, արժանի զավակ և օրինակելի քաղաքացի: Բարի դարձած այս ավանդույթը ունի իր պատմությունը:Տուն-թանգարանում է պահվում Լևոն Օրբելու անձնական կնիքը, որով կնքում են շրջանավարտների ավարտական փաստաթուղթը, բարի երթ մաղթում հայոց բանակի բժիշկներին: Միջոցառումն ավարտվեց դիպլոմների շնորհմամբ:Կրկին անգամ շնորհավորում ու բարի ճանապարհ ենք մաղթում,թող ընտրած մասնագիտությունը դառնա սիրելի աշխատանք: