Նոյեմբերի 15-ին «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Անանիա Շիրակացու «Յաղագս հարցման և լուծման» գրքի շնորհանդեսը:
1918թ. Հովսեփ Օրբելին սկսել է սովորել գրաշարի գործը և որպես ցուցադրական աշխատանք ներկայացրել է իր կողմից շարված սեփական աշխատությունը՝ 7-րդ դարի հայ մաթեմատիկոս Անանիա Շիրակացու խնդիրները և լուծումները:
Շնորհանդեսին ներկա էին Կոտայքի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, Շիրակացու ճեմարանի Կրթական ծրագրի զարգացման հարցերով փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը, Հրադզան քաղաքի և Ծաղկաձոր համայնքի բոլոր դպրոցների տնօրենները և մաթեմատիկայի ուսուցիչները, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը, Ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանը, թանգարանի Գիտական խորհրդի անդամ, թանգարանագետ Արմեն Այվազյանը և գործընկերներ այլ հաստատություններից:
Արմինե Հայրապետյանը և Արմեն Այվազյանը արժանացան շնորհակալագրերի՝ մշտապես թանգարանի կողքին լինելու և համագործակցելու համար:
Երևանի Մաշտոցյան Մատենադարանի 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Գառնիկ Հարությունյանը հանդես եկավ «Անանիա Շիրակացին, նրա երկերը և դրանց ընդօրինակությունները» խորագրով զեկույցով, իսկ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն, ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը ներկայացրեց Անանիա Շիրակացուն որպես մանկավարժ։
Գեղեցիկ երաժշտական կատարումներով հանդես եկան և հյուրերի բարձր տրամադրությունը ապահովեցին Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի սաները: