<<ԱՅՆ ԱՄԵՆԸ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ ԷՐ ԱՅԴ ԲԱՐԻ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ, ՇՆՉՈՒՄ ԷՐ ԻՐԱԿԱՆ ՄԵԾ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ>> Ն.ԳԱԼԻՑԿԱՅԱ.

Ստորև բերում ենք մի նամակի պատմություն, որը պահպանվում է տուն- թանգարանի ֆոնդերում:

Ալեքսեյ Գորկին ասել է.<<Եթե մարդը ապրել է լիարժեք կյանք և տիրապետում է գրչին, պարտավոր է գրել այդ կյանքի մասին, որպեսզի մեզ փոխարինողների համար հեշտացնի ուղիների փնտրտուքը գիտության, արվեստի, հասարակական գործունեության մեջ>>:
Ակադեմիկոս Լևոն Օրբելին այդպիսի փաստաթուղթ չի թողել, հավանաբար, բոլորին հայտնի իր համեստությունից ելնելով, բայց մեզ թվում է, որ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականը, խորապես իր հայրենիքին նվիրված հրաշալի անձնավորությունը արժանի է, որ հայտնի լինեն ոչ միայն նրա գիտական աշխատությունները, այլև նրա կյանքի այլ կողմերը:
Բոլոր նրանք, ովքեր շփվել են անզուգական հմայքի տեր մեծ գիտնականի հետ, անմոռաց հիշողություններ ունեն նրա բարձր մարդկային առաքինությունների` շիտակության, բացարձակ ազնվության, սկզբունքայնության ու բարեսիրտ ներողամտության մասին:
Նա բացառիկ հմայիչ և շռայլ հագու տեր մարդ էր: Նրա արտասովոր պարզությունը, մարդկանց հետ շփվելու անմիջականությունը, խոսակցին իր գաղափարներով վարակելու և գրավելու ընդունակությունը դեպի իրեն էր ձգում մարդկանց:
Լևոն Օրբելու բնավորության բնորոշ կողմերից մեկը ձգտումն էր՝ օգնել մարդկանց ոչ միայն գիտության մեջ, այլև առօրյա հոգսերում, և դա կարևոր չէր՝ ինքը ճանաչում է այդ մարդուն, թե՝ ոչ:
Դժվար է քիչ բառերով տալ պատկերացում այնպիսի Մեծ մարդու մասին, ինչպիսին էր Օրբելին:
Նրա անունը շրջապատված էր լեգենդներով, թեև դրանցում ավելի շատ էր ճշմարտությունը, քան գեղարվեստականը: Նրանցից շատերը պետք է հիշել:
Ասենք, օրինակ, իր անձնական խնայողություններից դրամական միջոցներով օգնում էր ակադեմիայի ունկնդիրներին, Հայաստանից եկած ասպիրանտներին և բոլորովին անծանոթ մարդկանց…

1957թ. Լևոն Օրբելուն Անգարայի հեռավոր ափերից օգնության խնդրանքով դիմում է բացարձակապես անծանոթ մարդ՝ Հայրենական պատերազմի 1-ին խմբի հաշմանդամ, ԽՍՀՄ զինված ուժերի մինիստրության /նախարարության/ թոշակառու Պյոտր Եֆիմի Խարինը:

Բնակության վայրը՝ քաղաք Իրկուտսկ, Կուզմիխա 2-րդ ավան՝ Անգարայի հիդրոէլեկտրակայան, Բորոդինա փողոց, տուն 54.

28 հուլիսի 1957թ.

… Ես 39 տարեկան եմ, Հայրենական պատերազմի 1-ին խմբի հաշմանդամ, ամսական ստանում եմ 748 ռուբլի թոշակ, ընտանիքս կազմված է 5 անդամներից՝ ես, կինս և 3 երեխաներս: Երեխաներս դպրոցական են, մեծը գնալու է 10-րդ դասարան, իսկ փոքր տղաս ու դուստրս՝ տարրական դասարաններ: 1937 թվից զորակոչվել եմ բանակ և դուրս եկել 1947թվին….դրանցից չորս տարին եղել եմ ռազմաճակատում, չորս անգամ վիրավորվել: Պատերազմում եղել եմ տանկի հրամանատար, վաշտի հրամանատար և գումարտակի հրամանատար: Ներկա պահին շարժվում եմ ձեռնափայտերով, 16 անգամ վիրահատվել եմ, տանջում է ֆլեգմոնան և չլավացող սնունդախանգար խոցը: Կինս հիվանդ է… Ամբողջ առողջությունս տվել եմ Հայրենիքիս: Ունեմ պետական մրցանակներ, ընտանիքիս նյութական վիճակը շատ ծանր է, թոշակը չի բավականացնում նվազագույն ծախսերի համար, երեխաները չունեն ո´չ կոշիկ, ո´չ հագուստ և գնել ես ի վիճակի չեմ: Եթե ես կարողանայի աշխատել, իհարկե, ես նրանց կապահովեի: Իմ երեխաները նույնպես ունեն մարդկային ապրելակերպի իրավունք, դրա համար եմ ես նրանց պաշտպանել ֆաշիզմից: Շրջանային զինկոմիսիարիատը ամեն տարի բացի թոշակից տրամադրում է ինձ միանվագ ժամանակավոր թոշակ՝ 300-500 ռուբլի, բայց միևնույն է այդ գումարով երեքին չես հագցնի, քանզի ամեն ինչ թանկ է: Ձմռան համար ընտանիքս չունի ո´չ ոտնաման, ո´չ հագուստ: Ուզում եմ երեխաներին մեծացնել և ուսման ուղարկել. դա իմ սուրբ պարտականությունն է: Դուք մեծ մարդ եք, թանկագի´ն ակադեմիկոս, կնշանակի նաև հասարակ, ինձ համար ոչինչ հարկավոր չէ, ես խնդրում եմ հանուն երեխաների, նրանք մեղավոր չեն, նրանք ուզում են ապրել, և ես ցավում եմ նրանց համար, ես ամաչում եմ ու խնդրում եմ սրտիս թելադրանքին հակառակ:

30 օգոստոսի 1957թ.

Թանկագին Լևոն Աբգարի,
Թույլ տվեք ինձ՝ հասարակ մարդուս, շնորհավորել Ձեզ գիտա-մանկավարժական Ձեր 55-ամյա գործունեության համար՝ ի նպաստ մեր ժողովրդի և Ձեր ծննդյան 75-ամյակի, ինչպես նաև պետական բարձր մրցանակի՝ Լենինի շքանշան ստանալու կապակցությամբ և սրտանց ցանկանալ Ձեզ…
Դուք հասկանում եք,թանկագի´ն ակադեմիկոս, որ ես, իմ կինը և իմ երեխաները ցանկանում ենք Ձեզ երկար տարիների կյանք, շնորհակալ ենք և մեկ անգամ ևս շնորհակալ: Երախտապարտ ենք ողջ հոգով մեր երեխաների հանդեպ անկեղծ հոգատարության համար: Նրանք երբեք դա չեն մոռանա: Եթե կարող եք՝ բացատրեք ինձ երկու բառով: Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս և ո՞նց: Ես գրել եմ ակադեմիկոս Օրբելուն՝ ֆիզիոլոգին, պարզվում է, որ իմ նամակը հասել է ևս մեկ Օրբելու, էլի ակադեմիկոս, բայց չգիտեմ որ գիտության: Եթե ես չեմ սխալվում երկու ակադեմիկոս Օրբելիները եղբայրներ են, թե՞ ոչ: Եթե հնարավոր է, պատասխանեք ինձ: Ես ստացել եմ ակադեմիկոս Հովսեփ Աբգարովիչից 400 ռուբլի, և ձեզնից՝ Լևոն Աբգարովիչ, 500 ռուբլի: Այդ փողերով մենք կնոջս հետ գնացել ենք Իրկուտսկ, մեզ հետ տարել ենք մեր երկու տղաներին, գնել ենք ոտնամաններ… Ձեր բոլոր փողերը մինչև վերջին կոպեկը ծախսել ենք երեխաների վրա: Երեխաներս՝ տղաներս, փայլում էին երջանկությունից, նրանք գտնվում էին երանության գագաթնակետում: Ինչպես կարող ենք մենք մոռանալ ձեզ: Մեծն ամբողջ ձմեռ 40 աստիճան սառնամանիքին երկարաճիտ կոշիկներով հաճախեց 10-րդ դասարան, իսկ փոքրը նստել էր տանը և նախանձում էր հարևան երեխաներին, թե ինչպես էին նրանք սահում: Ցավը նրանում է, որ ո´չ ես, ո´չ իմ կինը աշխատունակ չենք: Մեր ավագ տղան ծնվել է 1940 թվին, նա 17 տարեկան է: 1953 թվից նա չգիտի ամառային հանգիստն ինչ է: Ավարտում է դպրոցը ու ամռանից մինչև սեպտեմբերի 1-ը աշխատում պապիկի հետ որպես փականագործ, պատրաստում դույլեր, թասեր, լվացարաններ:
Լևո´ն Աբգարովիչ, իմ մեծ տղան ավարտել է դպրոցը, ստացել հասունության վկայական: Նա ընդունվել է Լեռնային ֆակուլտետի առաջին կուրս:
Ես ու որդիս շատ գոհ ենք, նա կներդնի ողջ ուժերը, որպեսզի լավ սովորի, ինչքան էլ դա դժվար լինի: Նա խոստացել է և խնդրել է ինձ հաղորդել Ձեզ, որ կսովորի այնպես, ինպես սովորել է ակադեմիկոս Օրբելին: Նա ինձ հարց տվեց.<<Հայրիկ, դու ծանո՞թ ես ակադեմիկոս Օրբելու հետ, և ինչու՞ է քեզ գումար ուղարկել, դու՞ ես խնդրել>>: Ես, իհարկե, պատմեցի ճշմարտությունը ինչպես կար: Նա ինձ ասեց.<< Հայրիկ դա լավ չէ>>, իսկ ես նրան պատասխանեցի .<< Իհարկե, դա լավ չէ, բայց դա արդար է, բաց և ճշմարիտ. ես չունեի այլ ելք, ես չգիտեի՝ ինչպես դուրս գալ այդ ծանր իրավիճակից:
Ինձ համար դժվար էր, խիղճս ինձ ասում էր՝ << պետք չէ>>, բայց ես դա արեցի հանուն ձեզ, և եթե երբևէ կյանքում կհանդիպես մեկին Օրբելի ազգանունով, և այդ մարդը կունենա օգնության կարիք, դու պարտավորես կիսել ամենը, հանել վերջին շապիկդ ու տալ նրան, եթե դրա կարիքը լինի, բայց պետք է վճարես>>:
Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ օգնության համար իմ ընտանիքի անունից: Հիմա իմ երկու որդիներն ունեն համարյա ամեն ինչ: Մենք կնոջս հետ մեզ վրա ուշադրություն չենք դարձնում, մենք ապրում ենք երեխաների համար:

25 նոյեմբերի 1957թ.
Հարգարժան Լևոն Աբգարովիչ, եթե երբևէ, պատահաբար այցելեք Պալեստինի մեր կողմերը, կամ գուցե ինչ-որ մեկը Ձեր ընտանիքից այցելի՝ տեսնելու առաջնեկ Հիդրոէլեկտրակայանը, իսկ ես ապրում եմ ջրէկի-ի սրտում, խնդրում եմ վստահորեն այցելել ինձ: Իմ ամբող ընտանիքը շատ ուրախ կլինի: Դա մեծ պատիվ է մեզ համար:
Ես ու իմ երեխաները աղոթում ենք Ձեր համար: 500 ռուբլին, որ Դուք մեզ ուղարկել եք, ես փոքր տղայիս համար հագուստ եմ գնել, և նա ապահովված է ողջ ձմեռվա ընթացքում: Բացի այդ, 400 ռուբլի մեզ ուղարկել էր Ձեր եղբայրը՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին և գումարած դրան 1500 ռուբլի ինձ տվել է Իրկուտսկի Շրջկոմը: Ես մեծ տղայիս համար ևս հագուստ եմ գնել: Բոլոր երեքը հագած, կապած են, շնորհիվ Ձեզ և թանկագին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու: Ընդհանրապես ասած, Ձեր ազգանունը կրողներից ով այցելի մեր կողմերը, խնդրում եմ այցելել Հայրենական պատերազմի հաշմանդամին: Ես շատ ուրախ կլինեմ և ինչ կունենամ, կհյուրասիրեմ սրտանց ու ամբողջ հոգով: Մեկ անգամ ևս ցանկանում եմ Ձեզ առողջություն, պահպանեք Ձեզ, չէ՞ որ Դուք, Լևո´ն Աբգարովիչ, արդեն 76 տարեկան եք….
Հարգանքով՝ Պ.Ե.Խարին