Լուսավոր, պայծառ ու գունագեղ տոնի խորհուրդը վառ աչքերով մանուկներն են: Տարվա ամենալուսավոր օրը միշտ ուղեկցվում է մանկական ուրախ ու գեղեցիկ միջոցառումներով, ուրախ տրամադրությամբ:
Այսօր Օրբելի եղբայրների թանգարանի ողջ անձնակազմը սիրով իր հարկի տակ ընդունեց Ծաղկաձոր քաղաքի մանկապարտեզի փոքրիկներին: Այս օրը դարձավ տոն՝ գունավորելով նրանց մանկությունն, ու թանգարանը լցվեց ուրախ տրամադրությամբ: Փոքրիկները ներկայացրին դրվագներ Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթներից, հաճելիորեն զարմացրին Օրբելի եղբայրների մասին իրենց փայլուն գիտելիքներով: Թանգարանի տնօրինության կողմից բոլոր երեխաները նվեր ստացան՝ Թումանյանի հեքիաթների գիրք:
Շրջայցից հետո էլ մասնակցեցին Օրբելի եղբայրների հրապարակում նկարների մրցույթին, նրանց միացան նաև թանգարան այցելած Աշտարակ քաղաքի դպրոցի սաները: Միջոցառումն ավարտվեց փոքրիկների երգերի կատարումներով:
Այս օրը և մեր ապագան պատկանում են երեխաներին: Շնորհավոր տոնդ, փոքրի՛կ: Եղիր միշտ անհոգ, խաղաղ, առողջ և երջանիկ: