Այս տարի լրանում է ակադեմիկոսներ Լևոն և Հովսեփ Օրբելիների 135 և 130-ամյակները:Այս առթիվ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ճանաչողական էքսկուրսիաներին զուգընթաց իրականացվում են նաև կրթական ծրագրեր: Թանգարանային կրթությունն իրենից ներկայացնում է թանգարանային միջավայրում դաստիարակության, կրթության և զարգացման համադրություն, որի առաջնահերթ նպատակներն են անհատի գեղագիտական դաստիարակությունը, գեղարվեստական կրթությունն ու ստեղծագործական զարգացումը: Այն միանշանակ կարող է ամրապնդել դպրոց-թանգարան կապը,նպաստել աշակերտների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, զարգացած, կիրթ ու դաստիարակված սերունդ ունենալուն:Ապրիլի 11-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում հյուրընկալվել էին Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի 6-րդ և 8-րդ դասարանների աշակերտները գրադանավարուհի Անժելա Խաչատրյանի և Գոհար Սմբատյանի ուղեկցությամբ:Այցի նպատակը Օրբելիների գիտության զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի մասին տեղկանալն էր, սակայն աշակերտների հետ զրույցի ընթացքում ներկայացվեցին նաև այն պատգամները, որոնցով դաստիարակվել էին այս ընտանիքի երեք կարկառուն ներկայացուցիչները:Հանդիպում-զրույցը ուսանելի էր աշակերտների համար: Միգուցե նրանցից որևէ մեկի համար Օրբելիների ուղենշած ճանապարհը թվա հարազատ ու ոգևորիչ: