Հավատն ինձ ուժ ու կարողություն տվեց ձեզնից կտրիճներ կերտելու և դարձնելու շատերի նախանձի առարկա: Դուք բոլոր երեքդ իմ հպարտությունն եք, իմ հարստությունը, և իմ սիրտն ամբողջությամբ զբաղված է ձեզնով: Ես կլինեմ կատարյալ երջանիկ մայր այն ժամանակ, երբ կտեսնեմ իմ երեխաներին ամուր ոտքի վրա կանգնած և իրենց գեղեցիկ արարքով ու մարդկայնությամբ իրենց մորը մեծարելիս: Ես կուզեի մինչև կյանքիս վերջը ձեր մասին լսել միայն գովասանքներ: Ես ուզում եմ, որ դուք շարունակեք խորանալ գիտության մեջ, ես ավելի քան համոզված եմ, որ դուք կպահեք ոչ միայն ձեր ծնողների պատիվը, այլ նաև ամբողջ ազգի: Եվ, իհարկե, ես կհրճվեմ և կլսեմ` ինչպես են իմ հետևից ասում. <<Երջանիկ մայր>>:
Վարվառա Օրբելի, 1904թ.
Հայրենական և համաշխարհային ականավոր գիտնականների համաստեղության մեջ իրենց արժանի տեղն են զբաղեցնում Օրբելի եղբայրները: Հուլիսի 7-ին լրացավ ականավոր ֆիզիոլոգ , ակադեմիկոս Լևոն Օրբելու ծննդյան 135 ամյակը: Տուն-թանգարանն իր հարկի տակ հյուրընկալել էր ռազմա-բժշկական ֆակուլտետի շրջանավարտներին ֆակուլտետի պետի տեղակալ փոխգնդապետ Ա. Թումասյանի գլխավորությամբ: 1994 թվականից մեր զինված ուժերի համար բժշկական կադրեր է պատրաստում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:Շրջանավարտ-սպաները, համալրելով հայոց բանակի շարքերը, հոգում են հայ զինվորի առողջության մասին:Տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում հանգամանորեն անդրադարձավ ակադեմիկոս Լևոն Օրբելու կյանքին ու գիտական գործունեությանը:Բժշկագիտության ու նրա տեսական հիմքը հադիսացող կենսաբանական գիտություններից մեկի՝ ֆիզիոլոգիայի պատմության էջերում մեծատաղանդ գիտնական Լևոն Օրբելու անունը գրված է ոսկե տառերով:Օրբելին համարվում է 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկը, ով կարողացավ արմատական առաջխաղացում ապահովել ֆիզիոլոգիայ մի շարք բնագավառների համար:Իր մտքի հուժկու թռիչքով, խորիմաստ ու կուռ հետազոտություններով, իր ստեղծած դասական տեսություններով բացահայտեց մարդու օրգանիզմի բնականոն ու ախտաբանական գործունեության մինչ այդ չբացահայտված մի շարք առեղծվածներ՝ դրանով իսկ հարստացնելով կենսաբանական գիտության համաշխարհային գանձարանը:Բժշկության ազպարեզում մատուցած ծառայությունների համար գեներալ-գնդապետի կոչում ստացած Օրբելու կյանքին ու գիտական գործունեությանը ծանոթանալուց հետո շրջանավարտներին շնորհավորեց նաև թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը, ով տղաներին մաղթեց քաջ առողջություն, խաղաղ ծառայություն, զինվորական բարդ ու դժվարին ուղին անցնելու, բարձրունքներ նվաճելու մեծ կամք ու ձգտում: