Այսօր թանգարանում անցկացվեց ավանդական միջոցառումներից մեկը, թերևս թանգարանի աշխատակիցների կողմից ամենասիրվածը:
Թանգարանն իր հարկի տակ հյուրընկալել էր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին՝ ֆակուլտետի պետ բ/ծ գնդապետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ:
Համալսարանը 1994 թվականից մեր զինված ուժերի համար բժշկական կադրեր է պատրաստում: Շրջանավարտ-սպաները, համալրելով հայոց բանակի շարքերը, հոգում են հայ զինվորի առողջության մասին:
Թանգարանի գիտաշխատող Լիանա Մելքոնայնը ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում հանգամանորեն անդրադարձավ ակադեմիկոս Լևոն Օրբելու կյանքին ու գիտական գործունեությանը: Ֆիզիոլոգիայի պատմության էջերում մեծատաղանդ գիտնական Ռազմաբժշկական ակադեմիայի պետ Լևոն Օրբելու անունը գրված է ոսկե տառերով: Բժշկության ասպարեզում մատուցած ծառայությունների համար գեներալ-գնդապետի կոչում ստացած Օրբելու կյանքին ու գիտական գործունեությանը ծանոթանալուց հետո շրջանավարտներին շնորհավորեց նաև թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը, ով տղաներին մաղթեց խաղաղ ծառայություն, զինվորական բարդ ու դժվարին ուղին անցնելու, բարձրունքներ նվաճելու մեծ կամք ու ձգտում, արժանի լինել բժշկի կոչմանը՝ հիշեցնելով նաև Լևոն Օրբելու կյանքի ուղերձը . <<Բոլոր մասնագիտություններից զատ, ամենակարևոր մասնագիտությունը կյանքում մարդ լինելն է>>:
Ֆակուլտետի պետ բ/ծ գնդապետ Վարդան Ծատուրյանը թանգարանի հարկի տակ հանձնեց շրջանավարտ սպաներին նրանց ավարտական վկայականները, որոնց հավելվածները կնիքվեցին նաև Լևոն Օրբելու անձնական կնիքով: