HovsepՀովսեփ Օրբելուն կարելի է դասել առավել list of exhibitors հանճարեղ այն գիտնականների շարքին, որ տվել է հայ ժողովուրդը աշխարհին:
Ակադեմիկոս` Ե. Տառլե

 

Աբգար Օրբելու որդիներից կրտսերը` Հովսեփ Օրբելին ծնվել է 1887թ. մարտի 20-ին Քութայիսի քաղաքում: Ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի երրորդ արական գիմնազիան: 1904թ. ընդունվել է Ս.Պետերբուրգի Կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, աշակերտելով այնպիսի խոշոր գիտնականների, ինչպիսիք էին Ս.Ժեբելյևը, Մ.Ռոստովցևը, Ֆ.Զելինսկին, արևելագետ Յա.Սմիռնովը, բյուզանդագետ` Վ.Բենեշևիչը:
Հունահռոմեական հնություններից զատ, ուսանող «դասականագետին» ավելի ու ավելի էր հրապուրում Արևելքը` Հայաստանը, Վրաստանը, Իրանը, նրանց պատմությունն ու մշակույթը:
1907թ. ընդունվում է համալսարանի նաև Արևելյան լեզուների ֆակուլտետը: Սակայն, նվիրվելով արևելագիտությանը, նա չթողեց դասական բանասիրությունը, որը դիտում էր որպես մի անհրաժեշտ աստիճան` արևելագիտական առարկաների տիրապետման ճանապարհին:
Օրբելին փայլուն կերպով ավարտում է Արևելյան լեզուների ֆակուլտետը` միաժամանակ անցնելով պատմաբանասիրական ֆակուլտետի լրիվ դասընթացը:
1906թ. ամռանը Օրբելին առաջին անգամ Անի եկավ` մասնակցելու քաղաքամայր Անիի պեղումներին: Օրբելու համար Անիի պեղումները հնագիտական հիանալի դպրոց են եղել: Այդ արշավներից նա ստացել է նյութի և նրա մեկնաբանման վերաբերյալ խորը գիտելիքներ: Անիի հուշարձանների դիտումները ծնեցին մի շարք նոր ու կարևոր գաղափարներ, որոնք շուտով դրվեցին Առաջավոր Ասիայի մշակույթին նվիրված նրա աշխատությունների հիմքում:
Դառնալով Նիկողայոս Մառի ամենամերձավոր աշխատակիցը` նա այլ պարտականությունների հետ մեկտեղ տնօրինում էր Անիի հնադարանը: Վերջինս հիմնվել էր մասնավոր միջոցների շնորհիվ: Սկզբում հնադարանի համար հարմարեցված էր այն շենքը, որը 11-րդ դարում դարձել էր մզկիթ (Մանուչե մզկիթ): 1908թ. սեպտեմբերին ավարտվեց թանգարանի նոր շենքի աշխատանքները: Այլ պարտականությունների հետ մեկտեղ Օրբելին տնօրինում էր Անիի հնադարանը:
Օրբելին պատրաստեց և «Անիի շարքում» հրատարակեց պեղվող քաղաքի ուղեցույցը, ապա կազմեց հնադարանում պահվող նյութերի գիտական ցուցակը, իսկ ամփոփելով ողջ գիտելիքը, որը կուտակել էր Անիի պատմության և նրա հուշարձանների վերաբերյալ, հրատարակեց ևս մեկ հանրամատչելի գրքույկ` «Անիի ավերակները» վերնագրով:
Օրբելին հնագիտական պեղումներ է կատարել նաև Վանում, Գառնիում, Ախթամարում, Ամբերդում, Դաղստանում:
Ուսումնասիրելով Հայաստանի նյութական մշակույթի և նրան հարևան ժողովրդների պատմությունը` Օրբելին կարևոր էր համարում ապագա մշակույթի ստեղծումը անցյալի խորը իմացության վրա:
Նրա գրչին է պատկանում «Ախթամար» հիմնարար աշխատությունը, Արևմտյան Հայաստանի միջնադարյան պատմական հուշարձանների ուսումնասիրությունը:
Օրբելին ցուցակագրել է հայկական վիմագիր արձանագրությունները, ուսումնասիրել հայկական և քրդական կենդանի բարբառները, կազմել բառարան, կրկնօրինակել մի շարք հայկական վիմագրեր, քարտեզագրել հնագույն ճարտարապետական հուշարձաններ: Հայ բանահյուսության մեջ նրա անվան հետ է կապված Փավստոս Բյուզանդի, Շապուհ Բագրատունու, Անանիա Շիրակացու գործերի ուսումնասիրումը, Եղիշեի և Փարպեցու գործերի թարգմանությունները, ինչպես նաև «Միջնադարյան Հայաստանի առակները»:
1918-1920 թթ. նա ոչ միայն Ռուսական Գիտությունների ակադեմիայի տպարանի տնօրենն էր, այլև զբաղվում էր գրաշարությամբ: Այդ ժամանակ նա հավաքեց «Անանիա Շիրակացու հարցումները և լուծումները» գիրքը:
Նրա կողմից մշակված մշակութային հուշարձանների ուսումնասիրման համալիր մեթոդը, միավորում է գիտելիքների անկախ մի բնագավառ. բանահյուսություն և լեզվաբանություն մի կողմից, հնագիտություն և արվեստ մյուս կողմից:
Օրբելու հիմնարար աշխատանքները վկայում են նրա բացառիկ գիտելիքները լեզվի, բանահյուսության, պատմության, հնագիտության, ազգագրության և արվեստի պատմության բնագավառներում:
1920-ից մինչև 1951 թվականը նա աշխատել է Պետական Էրմիտաժում` սկզբում որպես ֆոնդապահ, այնուհետև Արևելքի բաժնի հիմնադիր և վարիչ, իսկ 1934թ.` Էրմիտաժի տնօրեն: Օրբելին առանց Էրմիտաժի չէր պատկերացնում իր կյանքը: Այդ տարիները նրա ստեղծագործական և կազմակերպչական վերելքի ժամանակն էր: Նա կազմակերպել է թեմատիկ ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, գիտաժողովներ և կոնգրեսներ: Հայրենական Մեծ պատերազմի սկզբում անձամբ ղեկավարել է Էրմիտաժի գանձերի տարհանումը, իսկ պատերազմից հետո դրանց հետտեղափոխման աշխատանքները: Որպես վկա նա հանդես է եկել Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: Օրբելին ղեկավարել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: Հիմնել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադյան բաժանմունքը: Նա հիմնադրել է և եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ առաջին նախագահը չորս տարի շարունակ: Այդ տարիներին նրա կողմից իրականացվել են հսկայական գիտակազմակերպչական աշխատանքներ` միավորելու Հայաստանի գիտական և գիտամանկավարժական ուժերը:
Օրբելու կողմից կազմակերպվել են ցուցահանդեսներ` նշանակալից տարելիցների և հոբելյանների առթիվ, պարսկական պոեզիայի դասական Ֆիրդուսու ծննդյան հազարամյակը, Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150-ամյակը, Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» 750-ամյակը, հայկական հերոսական էպոսի` «Սասունցի Դավթի» հազարամյակը:
Կես դարից ավելի Օրբելին ծառայեց գիտությանը: Հայ ժողովրդին և աշխարհին պարգևեց հնագիտական, աղբյուրագիտական, բարբառագիտական մեծ ու փոքր, փայլուն և մնայուն աշխատություններ, որոնցից յուրաքանչյուրի մեջ ճառագայթում է տաղանդավոր գիտնականի լուսավոր միտքը: Օրբելին եղել է անսովոր վառ անհատականություն, անկրկնելի հռետոր, իր գործին նվիրված հանճարեղ գիտնական: