LevonՄեր երկրում քիչ չեն գիտնականներ, որոնց անունները հատկապես թանկ են մեզ համար: Արդարացի կերպով այդ փառապանծ շարքում առաջին տեղերից մեկը պատկանում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն:
Պրոֆեսոր`  Ա.Լեբեդինսկի

Օրբելի եղբայրներից միջնեկը` Լևոն Օրբելին ծնվել է 1882թ. հուլիսի 7-ին Ծաղկաձորում (Դարաչիչակ): 1899թ. ոսկե մեդալով ավարտելով գիմնազիան` Օրբելին մեկնել է Ս.Պետերբուրգ և ընդունվել Ս.Պետերբուրգի Ոազմաբժշկական ակադեմիան:
Ռազմաբժշկական ակադեմիայում ուսանելու տարիներին տեղի է ունենում նրա հանդիպումը և ծանոթությունը հոչակավոր ֆիզիոլոգ ակադեմիկոս Իվան Պետրովիչ Պավլովի հետ:
1903թ. նա կատարեց իր առաջին փորձարարական աշխատանքը: Կենդանիների վրա կատարված փորձերի օգնությամբ նա ուսումնասիրում է պեպսին արտադրող գեղձերի գործունեության վրա թափառող նյարդերի ազդեցության հարցը: Երիտասարդ գիտնականը իր  առաջին ուսումնասիրությունը`  «Թափառող նյարդերի հատումից առաջ և հետո պեպսինային գեղձերի աշխատանքի համեմատությունը» թեմայով, զեկուցում է Ռուսական բժիշկների ընկերության նիստում, որը արժանանում Ռազմաբժշկական ակադեմիայի  գիտական խորհրդի ոսկե մեդալին:
1904թ. ավարտելով Ոազմաբժշկական ակադեմիան` Օրբելին, որպես օրդինատոր, աշխատանքի է նշանակվում Կրոնշտադտի ծովային հոսպիտալի թերապիայի բաժանմունքում, որտեղ կյանքի և գործնական բժշկության դպրոց է անցնում: Հոսպիտալում ծառայած տարիներին նա զուգահեռաբար գիտահետազոտական աշխատանքներ է կատարում փորձարարական ինստիտուտում` Պավլովի առաջարկած թեմայով: Իր կատարած աշխատանքը նա ձևակերպեց որպես դոկտորական դիսերտացիա`»Շան աչքի պայմանական ռեֆլեքսները» թեմայով,  որը հաջողությամբ պաշտպանեց  1908թ.:
1909թ. Ոազմաբժշկական ակադեմիան Պավլովի միջնորդությամբ Օրբելուն երկու տարով գիտական գործուղման է ուղարկում արտասահման` Գերմանիա, Անգլիա:
1911թ. վերադառնալով Ս.Պետերբուրգ` Օրբելին շարունակում է իր գիտական գործունեությունը փորձարարական բժշկության ինստիտուտի` Պավլովի գլխավորած ֆիզիոլոգիայի բաժնում և միաժամանակ դասախոսական աշխատանք կատարում Ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնում:
1920թ. Օրբելին ընտրվում է Պետրոգրադի Առաջին բժշկական ինստիտուտի պրոֆեսսոր:
1925թ.Պավլովը իր տաղանդավոր աշակերտին է փոխանցում Ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնը:
Օրբելու անվան հետ են կապված գլխուղեղի գործունեության նոր օրինաչափությունների բացահայտումները և նրա կարգավորիչ ազդեցությունների հայտնագործումները նյարդային վեգետատիվ համակարգի ֆիզիոլոգիայում: Պավլովի բարձրագույն նյարդային գործունեության ուսմունքի հետագա ստեղծագործական զարգացումը բերեց նոր ուղղության` էվոլուցիոն ֆիզոլոգիայի ստեղծմանը: Նրա գիտական ուսումնասիրությունները աչքի են ընկնում բազմակողմանիությամբ, խորը ծավալայնությամբ, դրա հետ մեկտեղ բացառիկ նպատակասլացությամբ: Նրա ուսումնասիրություններով հաստատված օրինաչափությունները մտել են համաշխարհային կենսաբանական գիտության ոսկե ֆոնդ:
Երկար տարիների հետազոտությունների արդյունքները Օրբելին ընդհանրացրեց իր հիմնարար աշխատությունում` «Դասախոսություններ ֆիզիոլոգիայի նյարդային համակարգի», որն արժանացավ Պետական մրցանակի: Օրբելու հինգ հատորանոց «Ընտիր երկերը» գրեթե ընդգրկում են ֆիզիոլոգիայի նյարդային համակարգի հիմնական ուղղությունները և ընթերցողի առջև բացում են աշխարհի խոշորագույն ֆիզիոլոգներից մեկի մտքի և գիտական հայացքների խորությունն ու փայլը:
Նա հսկայական դեր է խաղացել Հայաստանում ֆիզոլոգիայի զարգացման գործում: Իր դպրոցում նա հիմք դրեց հայ ֆիզիոլոգների մի ամբողջ սերնդի դաստիարակման: Նրա աջակցությամբ հիմնադրվեց հանրապետության ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը և որոշվեցին ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները: Ներկայումս ինստիտուտը կրում է Լ.Օրբելու անունը և հաջողությամբ զարգացնում է նրա թողած գիտական ժառանգությունը:      Օրբելին գիտական աշխատանքների հետ մեկտեղ տարել է նաև հսկայածավալ գիտակազմակերպչական աշխատանքներ:
Հայրենական պատերազմն սկսվելուց հետո Օրբելին նշանակվում է Ռազմաբժշկական ակադեմիայի պետ: Օրբելու` գիտնականի ոազմական գործչի կազմակերպչական տաղանդը թույլ տվեց նրան շարունակել ղեկավարել իր գիտական կոլեկտիվների աշխատանքը:
Մնալով   ԽՍՀՄ ԳԱ   կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար` նա միաժամանակ ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, իսկ 1943թ. ընտրվում է Հայաստանի ԳԱ ակադեմիկոս:
Օրբելու ամենամեծ ծառայությունը գիտությանը և Հայրենիքին նրա ստեղծած զարմանալի կենսունակ, անընդհատ աճող ու զարգացող գիտական դպրոցն է, որն անմահացրեց իրեն և թողեց գիտական ժառանգություն: