Աշխարհբեկ Քալանթարի երկու քարերը.

Հայտնի հնագետ ու գիտնական Աշխարհբեկ Քալանթարի ծառայությունները մեր երկրի պատմությանն ու մշակույթին անգնահատելի են։ Ստալինյան բռնաճնշումներին զոհ դարձած այդ մեծ մտավորականի գրչի տակից դուրս եկած ավելի քան 80 աշխատություններն այսօր դարձել են այն հենասյուներից մեկը, որի վրա խարսխվում է հայկական հնագիտությունը։ Եվ իր կյանքում շատ բաներ տեսած, շատ փորձություններ հաղթահարած, բազում բացահայտումների ու հայտնագործությունների հեղինակ այս մարդուն պիտի որ չափազանց դժվար լիներ զարմացնել ու հիացնել։ Սակայն, արի ու տես, որ նրա կենսագրության մեջ կա երկու դրվագ, որ Քալանթարի զարմացական հիացմունքին արժանանալու բոլոր հիմքերն ունեին։
Դրանցից առաջինը 1926 թվականին էր, երբ հայտնի հնագետն իր արշավախմբի հետ ուղևորվեց Սևան` տեղում ուսումնասիրելու Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև ընկած «Օձաբերդ» հնավայրում հայտնաբերված ուրարտական արձանագրությունը։ Ռուսա Առաջին թագավորին վերագրվող այդ սեպագիրը գտնվել էր դեռևս 1862 թվականին, Մեսրոբ Արքեպիսկոպոս Սմբատյանցի կողմից։
Լճի ափամերձ հատվածում, հենց ջրից վեր խոյացող ժայռի հյուսիսհայաց երեսի վրա առկա անհասկանալի նշաների մասին Սմբատյանցին պատմել էին տեղաբնակները։ Ավելի ուշ հետազոտողը պիտի գրեր. «Երբ 1862 թվին Ալիչալուի (Արծվանիստ) մոտ բևեռագիր արձանագրություն օրինակեցի, Սևանա ծովի մակերևույթը այնքան բարձր է, որ ջուրը հավասար էր արձանագրին, և մենք նավակով գնալով ջրի վրա… օրինակեցինք։ Իսկ 1883 թվին նույն արձանագիրը համեմատելու համար 10 ոտնաչափ սանդուղք դնելով ծովի ցամաքած գետնից մինչև արձանաքարը, այնպես օրինակեցինք։
Ըսդ այսմ` ուրեմն 20 տարվա ընթացքում ջուրը պակասելով իջել էր 10 աստիճան ցած, այն է` 20 ֆուտ կամ ոտնաչափ»։
Մեսրոբ Արքեպիսկոպոսը միակը չէր, ում պիտի հրապուրեր արձանագրության վերծանումը։ Հետագա տարիներին շատերը կրկնեցին նրա փորձը։ Ի դեպ, դրանց թվում էր նաև գերմանացի Վոլդեմար Բելքը, ով երեք ժամ շարունակ մինչև գոտկատեղ ջրի մեջ կանգնած` փորձել էր կրկնօրինակել արձանագրությունը, բայց կարողացել էր 19 տողից միայն երեքն ընթերցել։ Եվ ահա 1926 թվականին Աշխարհբեկ Քալանթարը որոշեց «նվաճել» հազարամյա գաղտնիքը` գործադրելով իր նոր մոտեցումը։ Թե ինչպես նա վարվեց` դրա մասին է պատմում բացառիկ մի լուսանկար, ինչպես նաև` ականատեսների վկայությունները։
Համաձայն դրանց` պրոֆեսոր Քալանթարը սկզբում ցանկանում էր պատճենել Ռուսա Ա արքայի ժայռակերտ արձանագրությունը` նավակի վրա կանգնած։ Բայց մի քանի փորձերը լիովին ձախողվեցին, որովհետև ջրերի ճոճքը խանգարում էր, իսկ քամին մոմաթուղթը պոկում ու տանում էր։
Եվ այդ ժամանակ հնագետները դիմեցին հնարամիտ մի միջոցի։ Նրանք պարանով ժայռից կախ տվեցին վիմագրագետ և պատմաբան Սեդրակ Բարխուդարյանին, ու վերջինս կարողացավ այդ էքստրեմալ դիրքում էստամպաժ եղանակով կրկնօրինակել արձանագրությունը։ Պահպանված լուսանկարում կարելի է տեսնել ժայռի գլխին կանգնած, սպիտակ գլխարկով Աշխարհբեկ Քալանթարին, ով լարված, բայց համբերատար կեցվածքով հետևում է գործողությանը։ Նա արդեն վստահ է, որ իրենց ձեռնարկը հաջողությամբ է պսակվելու։ Ու նաև գիտի, որ երբեք չի մոռանալու այդ բախտորոշ ժամերը։
Տասնամյակներ են անցել այն օրերից։ Հիմա լիճը նահանջել է, ջրերն այլևս չեն լիզում հանրահայտ ժայռը։ Փոխարենը` այդ վայրում կանգնեցվել է գեղեցիկ մի հուշասյուն, որ պատմում է Ռուսա արքայի, արձանագրության և այն մարդկանց մասին, ովքեր գիտեն հազարամյակների լեզուն։
Հաջորդ զարմանալի պատմությունը, որ պիտի վիճակվեր Աշխարհբեկ Քալանթարին, տեղի ունեցավ երկու տարի հետո` 1928 թվականին։ Դա ձմեռնամուտին էր, երբ հնագետը մի նամակ ստացավ Ղուրդուղուլիից (այժմ` Արմավիր)։
Նրան գրում էր տեղի չինովնիկներից մեկը` Գնունի Եփրեմյանը։ Եփրեմյանը հայտնում էր, որ Ջանֆիդա գյուղում մի տարօրինակ քար է գտնվել` զարմանալի նշաններով, և, ըստ ամենայնի, այդ գտածոն իրենից պատմական արժեք է ներկայացնում։ Նման պնդումն առաջին հայացքից անսովոր էր։ Բանն այն է, որ Ջանֆիդան նախկինում բնակեցված էր եղել քոչվոր, մահմեդական ցեղերով, իսկ հետագայում` 1915-1918թթ., Արևմտյան Հայաստանից այստեղ էին գաղթել մեծ թվով հայեր` հաստատվելով կիսադատարկ գյուղում։ Տեղում որևէ նշանակալի հուշարձան կամ հին բնակատեղի չկար, և ուրեմն որևէ հնածոյի գոյությունը չէր կարող առաջին իսկ պահից կասկած չհարուցել։
Ամեն դեպքում Քալանթարը շտապ կարգով Ջանֆիդա գործուղվեց։ Այն, ինչ նա տեսավ տեղում, վեր էր իր բոլոր սպասելիքներից։ Դա մի հնագույն սեպագիր արձանագրություն էր` բաղկացած 10 տողից։ Հնագետը նաև արագ կռահեց, որ արժեքավոր քարի ներկայությունը Ջանֆիդայում զուտ պատահականության արդյունք է. այն, ըստ երևույթին, տարիներ առաջ բերվել էր մեկ այլ վայրից (ամենայն հավանականությամբ` Արմավիր հնավայրից) և օգտագործվել` իբրև շինանյութ։ Քարի ընդհանուր ձևը հաշվի առնելով` գյուղացիները դա դարձրել էին տան աստիճան։ Իսկ երբ նախկին թուրք բնակիչների փոխարեն` գյուղ էին եկել հայերը, նոր տանտերը` Նազար Հարությունյանը, որոշել էր շինությունը ձևափոխել։ Եվ հենց այդ ժամանակ էլ շարվածքից դուրս էր բերել քարը և նկատել դրա վրայի գրությունը։
Դեկտեմբերի 7-ին Լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանին հասցեագրված պաշտոնական զեկուցագրում Քալանթարը գրում էր. «Գտնված է մի սեպագիր արձանագրություն, որը հանդիսանում է գիտական նորություն։ Արձանագրությունը բաղկացած է տասը տողից, որի մեջ կարդացվում է Սարդուրի անունը` գրված մի քարի վրա (բազալտի), որն ամբողջական ձևով մշակված է… Նորագյուտ արձանագիր քարը կոմիտեի կողմից անմիջապես փոխադրվեց Էջմիածնի պետական թանգարանը, ուր կենտրոնացված են Արմավիրի շրջանում գտնված բոլոր սեպագիր արձանագրությունները»։
Բայց մինչ այս ամենը տեղի կունենար, Քալանթարն իրականացնում է ևս մի բան, ինչը նա պակաս կարևոր չէր համարում, քան սեպագիր գտնելը։ Հանձնարարում է ջանֆիդացի տանտիրոջն ու քարը գտնողին լուսանկարել Արգիշտիի որդի Սարդուր 2-րդի սեպագիր արձանագրության հետ։ Այդ լուսանկարը պահպանվել է մինչ օրս` իբրև վավերագիր ու ապացույց այն բանի, թե ինչպես դարերի խորքից վերադարձվեց արքայական գիրը, և դա արվեց հասարակ հայ շինականների ձեռքով։

Հովիկ Չարխչյան