Ժամանակի ընթացքում Օրբելի եղբայրներին նվիրված շատ հուշեր են գրվել նրանց աշխատակիցների, ժամանակակիցների, նրանց ճանաչողների կողմից: Գրվել են անկաշկանդ, անկեղծ՝ ներկայացնելով նրանց գիտնական – քաղաքացու կերպարը և միաժամանակ ներկայացնելով այն բարդ և հակասական միջավայրը, որում ապրել և ստեղծագործել են Օրբելի եղբայրները:

ՍԵԴՐԱԿ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ
ԱՄԲԵՐԴ

1936 թ. օգոստոս ամիսն էր … Հանկարծ Երևանում լուր տարածվեց, որ Աղասի Խանջյանը սպանվել է Թիֆլիսում: Լուրը կայծակի արագությամբ տարածվեց և բոլորի վրա շշմեցնող տպավորություն թողեց: Այն կրկնվում էր երկու տարբերակով. առաջին, որ ինքնասպանություն է գործել, և երկրորդ, որ սպանված է: Առաջին տեսության տարածողները պատասխանատու պաշտոնյաներ էին, իսկ երկրորդինը՝ սովորական քաղաքացիներ:
Զարմանալին այն էր, սակայն, որ մի մարդու մահը այսպես խիստ ալեկոծում էր քաղաքացիներին. բանտարկությունը, աքսորը, մահը, սպանությունը տասնամյակների ընթացքում սովորական բան էին դարձել: Այս դեպքում Խանջյանի պաշտոնն ու անձնավորությունն էլ մեծ դեր չէին խաղում անշուշտ: Շատ այդպիսիներն էին եկել ու գնացել, սա մի ինչ-որ արտասովոր երևույթ էր, տարիներով կուտակված լուռ ցասման պոռթկում, ժողովրդի կամքի ու լեզվի դաժան կապանքներով դրոշմված ճիչի արտահայտություն:
Այս բոլորը, սակայն, երևան եկան մի քանի օր հետո: Ես այդ ժամանակ քաղաքում էի մնացել Հովսեփ Օրբելու ցանկությամբ, մի քանի օրով: Այդ տարի Էրմիտաժն ու մեր հնագիտական ինստիտուտը միացյալ պեղումներ պիտի կատարեին Ամբերդում: Լենինգրադից եկել էին բոլոր մասնակիցները, որոնց մեր ինստիտուտից միացան մի քանի հոգի. հինգ օր առաջ արդեն նրանք մեկնել էին Ամբերդ:
Գիտարշավի ղեկավար Օրբելին ինձ առաջարկեց իր հետ մի քանի օր մնալ Երևանում` գիտարշավի համար անհրաժեշտ գործերով, ու ես մնացի: Օրերով միասին էինք շրջում զանազան հիմնարկներում՝ գիտարշավի հետ կապված գործերով, և Օրբելին մեծ հաճույքով քայլում էր Երևանի փողոցներով՝ հրաժարվելով իրեն առաջարկվող մեքենաներից:
Ես հասկանում էի նրա հոգեվիճակը և լուռ հետևում նրան: Տասնամյակներով հայրենակարոտ նրա սիրտը գոհացում էր ստանում՝ քայլելով հայրենի քաղաքի փողոցներով և լսելով հարազատ լեզվի երաժշտությունը: Հաճախ նա հանկարծ կանգ էր առնում փողոցում, հայացքով մատնանշում որևէ գյուղացու, որին հաճույքով դիտում էր և հարցնում ինձ. <<Հապա, որտեղացի՞ է, ասա°>>: Ես նայում էի գյուղացուն և մեծ մասամբ դիմագծերի հիման վրա տալիս այս կամ այն գավառի անունը: Եթե պատասխանս գոհացնում էր նրան, նա բավականությամբ ժպտում էր ու գլխով հավանության նշան անում, սակայն պատահում էր, որ իմ պատասխանը չէր գոհացնում նրան, նա գլխով ժխտական նշան էր անում:
Մի երկու դեպք էլ պատահեց, երբ մեր համառոտ վեճին վերջ տալու համար մենք խոսեցրինք մեզ հետաքրքրող մարդկանց՝ առանց հարցնելու որտեղացի լինելը, և լեզվի միջոցով լուծեցինք մեր վեճը: Այժմ գյուղացոնց շորերը միատեսակ ցնցոտիներ են, աղքատության հետևանքով գավառական տարազի սովորությունը մեռավ այս տասնամյակների ընթացքում:
Օրը կիրակի էր: Թերթի առաջին երեսին տպված էր Խանջյանի մասին համառոտ մահազդ-կենսագրականը, որտեղ կշտամբվում էր նա` որպես անկայուն բոլշևիկ, որ դժվարությունները հաղթահարելու կամքի փոխարեն, նա թուլահոգի գտնվեց և դիմեց անձնասպանության, սակայն այդ հայտարարության չոր ու ցամաք ոճը ոչ ոքի չէր բավարարում:
Այդ օրը Օրբելին առաջարկեց սև շուկա տանել իրեն՝ այնտեղից որոշ իրեր գնելու համար, որոնք խանութներում չէին ճարվում: Ես զգում էի, որ նա բացի այդ գործից նաև ներքին բավականություն է զգում հայ ամբոխի մեջ լինելուց: Ոտքով գնացինք մինչև սև շուկա, որը բավական հեռու էր գտնվում՝ Մարքսի փողոցի ծայրին: Հազիվ էինք շուկայի դռնից ներս մտել և մի փոքր առաջացել դեպի ներս, երբ մի սարսափելի խլրտոց սկսվեց ամբոխի մեջ, բոլորը սկսեցին իրար կոխկրտելով դեպի մուտքը դիմել՝ քշելով ու տանելով բոլորին:
Ամբոխի ալիքը մեզ էլ իր մեջ առավ ու մեր կողերը ջարդոտելով՝ դուրս շպրտեց շուկայի լայն դռներից: Փողոցում նույն արտասովոր հրմշտոցն էր, ու ծովածավալ ամբոխի ալիքը դիմում էր դեպի կայարանից եկող լայն փողոցը. բոլորը ճիչեր էին արձակում՝ կին, տղամարդ, երեխաներ: Փողոցում քիչ ուշքի գալով ՝ ես հարցրի կողքիս կանգնած մի կնոջ, որն իր ձեռքերի վրա ծախելիք ճմռված շորերն էր փաթաթում, թե ինչ է պատահել: Կինը զարմացած նայեց ինձ և կշտամբանքի տոնով պատասխանեց. <<Խանջյանին են բերում>>:
Մենք նոր գլխի ընկանք, թե ինչն էր խլրտման պատճառը: Ես առաջարկեցի Օրբելուն, որ հեռանանք ժխորից: Նա լուռ նայեց ինձ, ապա բռնելով իմ թևից քաշեց իր ետևից, ու մենք մտանք ժխորի մեջ: Մեծ դժվարությամբ հասանք կայարանի և Մարքսի փողոցները միացնող անկյունին և, ամբոխը մի կերպ ճեղքելով, հասանք առաջին շարքին: Փողոցի երկու կողքերին՝ իրար շատ մոտ, կանգնած էին միլիցիոներները և չէին թողնում ժողովրդին իջնել մայթերից. ամբողջ փողոցը աջ ու ձախ դատարկ էր:
Միլիցիոներները, անզոր գտնվելով կարգը պաշտպանել, իրար միացրին առաջին շարքերում կանգնած մարդկանց ձեռքերը, և կազմվեց մի կենդանի շղթա: Մեր ետևից անվերջ սեղմում էին, և դիմադրելը սաստիկ դժվար էր, իսկ հանդիպակաց նեղ մայթի վրա կանգնելն ավելի հարմար էր: Այդ նկատեց Օրբելին, նա կռացավ և ձեռքի շղթայի տակից դուրս եկավ փողոց՝ ինձ էլ քաշելով ետևից: Միլիցիոները մեզ նկատելով ՝ վազեց մեր դեմ և կոպիտ խոսքերով սկսեց հետ մղել: /շարունակելի/.