Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, կբացվի «Հայկական Էպոս. Խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսը, որը նպատակ ունի հանրությանը ծանոթացնել էպոսի թեմաներով արվեստի գործերին` ևս մեկ անգամ կարևորելով նրա դերն ու տեղը հայ ժողովրդի կյանքում:
2019 թվականին լրանում է Ազգային էպոսի 1000-ամյակի տոնակատարությունների 80-ամյակը: Ցուցադրված են գեղանկարչական ու գրաֆիկական շուրջ 50 աշխատանքներ, առանձնատիպեր, կաղապարներ (կլիշե), էպոսի տարբեր հրատարակությունների գլխատառեր, գլխատողեր, անվանաթերթեր, ինչպես նաև 1000-ամյակի միջոցառումների արձագանքները մամուլում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:
Հայ նկարիչներից շատերն են ոգեշնչվել էպոսի հերոսական պատումներով ու կերպարներով։ Յուրաքանչյուր արվեստագետ հանդես է գալիս էպոսի ուրույն մեկնաբանությամբ: Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Երվանդ Քոչարի և այլոց գործերում կերպարներն առանձնանում են տարբեր գեղարվեստական լուծումներով:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2020 թ. հունվարի 17-ը: