Հովսեփ Օրբելուն կարելի է դասել առավել հանճարեղ այն գիտնականների շարքին, որ տվել է հայ ժողովուրդը աշխարհին:
Ակադեմկոս Ե. Տառլե.
Հուլիսի 10-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում Խ.Աբովյանի տուն-թանգարանի հետ համատեղ անցկացվեց միջոցառում՝ <<Միջնադարյան Հայաստանի առակները>> խորագրով`նվրված ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակին: Միջոցառման նպատակն էր մեծացնելու և խորացնելու հետաքրքրությունը դեպի հայ առակագրությունը, որոնց բովանդակությունը արդիական է նույնիսկ մեր օրերում: 12-13-րդ դարերում հայ գրականության մեջ առաջացած նոր բնագավառի` առակագրության խոշորագույն ներկայացուցիչներն էին Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին, որոնց հայտնի առակները դարձան ակադեմիկոս Օրբելու պրպտումների մշտական թեման: Հայաստանի միջնադարյան առակներում Օրբելին ցույց տվեց, որ դրանց բովանդակությունը միայն սոցիալական անհավասարության գաղափարով չի սպառվում, հարցերի այն շրջանը, որոնք իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել դրանց մեջ, ավելի լայն են: Խ.Աբովյանի առաների ու զրույցների հավաքածուն՝ <<Պարապ վախտի խաղալիք>>, գրվել է 1838-1841թթ.. տպագրվել է 1864թ.: Աբովյանը, ժողովածուի առաջաբանում բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծելու անհրաժեշտության հարցը :Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին: Մեր առակագիտության մեջ Աբովյանի առակները նոր աստիճան էին իրենց թեմայով, բովանդակությամբ, նաև արվեստով: Աբովյանը առանձին ուշադրություն է դարձրել առակների գործող անձերի՝ մարդկանց ու կենդանիների տիպականացմանը: Աբովյանը առակին տվեց աշխարհիկ ու կենդանի շունչ՝ հիմնովին մաքրելով միջնադարյան մտածողության հատուկ կրոնականությունից: Միջոցառմանը մասնակցեցին Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը, Կոտայքի մարզի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը,Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը, բանաստեղծուհի, Զինված ուժերի փոխգնդապետ Նոնա Պողոսյանը, Ծաղկաձորի միջնակարգ և արվեստի դպրոցների ուսուցչուհիներ Վարդուհի Պետրոսյանը, Ժասմենա Տոնյանը, Գայանե Թանգյանը և այլոք: Իրենց խոսքով հանդես եկան Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը,ով իր խոսքում կարևորեց երկու թանգարանների համագործակցությունն, ինչպես նաև անդրադարձավ օրվա խորագրին:Խ.Աբովյանի տուն-թանգարանի կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանն էլ հանդես եկավ <<Աբովյանը՝ առակագիր>> զեկույցով, ինչպես նաև ելույթ ունեցան Ծաղկաձոր քաղաքի արվեստի դպրոցի սաները, ովքեր ներկայացրեցին Մխիթար Գոշի, Վ.Այգեկցու և խ.Աբովյանի առակները՝ <<Արջն ու աղվեսը>>,<<Քաջարի զինվորը>>,<<Էշն ու շունը>>,<<Եկեղեցին ու ջրաղացը>>,<<Կապիկն ու ձկնորսը>>,<<Հորթն ու խոզը>>,<<Ծառերն ու կացինը>> : Միջոցառումն ավարտվեց սուրճի սեղանի շուրջ՝ ջերմ մթնոլորտում: