Մայիսի 7-ին տուն-թանգարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Լենինգրադ քաղաքը շրջափակումից ազատման 72-ամյակին, որը կրում էր <<Էրմիտաժի սխրանքը>> խորագիրը:Նույն օրը Ծաղկաձոր քաղաքում անց էր կացվում Հայկական կոնյակի փառատոնը:Մեծ թվով զբոսաշրջիկներ հնարավորություն ունեցան ոչ միայն մասնակցելու փառատոնին, այլ նաև այցելելու տուն-թանգարան:
Հայտնի է թե ինչ սխրանքներ են գործել Հովսեփ և Լևոն Օրբելիները այդ տարիներին: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը Օրբելին քաջ գիտակցում էր այն հսկայական պատասխանատվությունը Էրմիտաժի հանդեպ, որ ընկնում էր իր ուսերին: Էրմիտաժի գանձերի տարհանման գործում կազմակերպչական մեծագույն հմտություն ցուցաբերեց Հովսեփ Օրբելին: Ուստի նա մշակեց ծրագիր` Էրմիտաժի արժեքների տարհանման համար: Իսկ պատերազմիծ հետո մեծ ուժով և համոզիչ հնչեց նրա խոսքը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ:
Տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գ.Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց Էրմիտաժի արժեքների տարհանման և վերադարձման պատմությունը` անդրադառնալով Հ.Օրբելու դերակատարությանը, ով հիանալի գիտակցում էր իր անձնական ողջ պատասխանատվությունը: Ներկայացված հիշողությունները վկայում էին այն մասին, թե նա ինչ ծանր ապրումներ է ունեցել Էրմիտաժի ճակատագրի համար և թէ ինչ հայրենասիրական կորովով նա կատարեց գիտնականի իր պարտքը: Ցուցահանդեսում ներկայացվեցին նամակներ, լուսանկարներ, գրքեր, իսկ միջոցառումն ավարտվեց <<Էրմիտաժի տարհանումը>> ֆիլմի դիտումով: