Ապրիլի 27-ին  Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս` նվիրված Ռուբեն Օրբելուն։

Կոնֆերանսը կազմակերպվել էր Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համատեղ։

Թանգարանի տնօրենի պարտականությունները կատարող Մարիամ Օհանյանը անցկացրեց ճանաչողական շրջայց թանգարանում և ներկայացրեց Ռուբեն Օրբելու կյանքն ու գործունեությունը:

Զեկույցների միջոցով անդրադարձ կատարվեց մեծանուն գիտնականի գործունեությանը, ստորջրյա հնագիտության որպես գիտական ճյուղի կազմավորմանը։

Տեսաֆիլմի միջոցով ներկաները ծանոթացան Ռուբեն Օրբելու կյանքի ուշագրավ դրվագներին, հետազոտություններին, գիտական ուսումնասիրություններին և ստորջրյա հնագիտական պեղումներին։

ՀՀ ԱԻՆ Պահեստազորի փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Արտակ Էլմասակյանը ներկայացրեց Սևանա լճում կատարված ուսումնասիրությունները և պատմական արժեք ներկայացնող գտածոները, ինչպես նաև Սևանա լճում հնագիտական  պեղումների  կյանքի կոչման հեռանկարները։

Ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը ներկայացրեց Ռուբեն Օրբելուն՝ որպես ստորջրյա հնագիտության հիմնադիր:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը ներկայացրեց  Սևանա լճի ստորջրյա աշխարհի  ուսումնասիրման կարևորությունը, քանի որ այնտեղ կան թաքնված շատ գանձեր, որոնք կարող են ստորջրյա հնագիտությունը Հայաստանում բարձրացնել նոր մակարդակի։ Նա նշեց այն նախադրյալները որոնք կան` բոլոր ուժերը համակարգելու, հնագիտական կազմակերպությունների հետ համագործակցելու և ուսումնասիրելու Սևանա լճի արտասովոր  թվացող վայրերն ու առարկաները։